ԱՄՆ Մեն նահանգում ձայների հաշվարկից հետո հայտարարել են որ նահանգի բնակիչներն աջակցում են մարիխուանայի օրինականացմանը: Այս հարցով քվեարկությունը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին՝ նախագահի, սենատորների եւ կոնգրեսականների ընտրությունների օրը:

Օրինականացման կողմնակիցներն աննշան տարբերությամբ են հաղթել: Նախկինում Մենում աջակցել էին բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը, իսկ այժմ նահանգի 21 տարեկանից մեծ բնակիչներին կթույլատրվի մոտը գրեթե 70 գրամ մարիխուանա պահել: Այն անմիջապես չի հայտնվի մանրածախ առեւտրի վաճառասեղաններին, դրա համար անհրաժեշտ է տեղական նշանակության օրինագծեր ընդունել, ոըը կարող է ձգձգվել:

Օրինականացման կողմնակիցները հուսով են, որ մարիխուանայի մանրածախ վաճառքը կսկսվի 2018 թվականին: Նոյեմբերի 8-ին մարիխուանային օրինականացմանն աջակցել են նաեւ Քալիֆորնիայում, Նեւադայում եւ Մասաչուսեթսում: Արիզոնան դեմ է քվեարկել: