ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավագին պատկանած գոլֆի պարագաները Բոստոնում անցկացված RR-ի աճուրդում վաճառել են 30 հազար դոլարով: Այս մասին գրում է Newsru-ն:
Հավաքածուում ներառված են պայուսակ, մականներ, գնդակներ եւ նույնիսկ Nike ապրանքանիշի մարզակոշիկ, որոնք Բուշն օգտագործել է Մեն նահանգի Քենեբանքփորթ քաղաքի Cape Arundel ակումբում խաղալիս:
Մականների վրա սեփականատիրոջ անունն է փորագրված, իսկ պայուսակի վրա ամրացված է գոլֆի ակումբի անվանական անդամատոմսը: Վաճառված իրերի թվում են նաեւ Բուշի կողմից ստորագրված մի քանի լուսանկար: Նկարներից մեկում Բուշն է՝ Բիլ Քլինթոնի հետ:
Հաղորդվում է, որ այս իրերը Բուշը ժամանակին նվիրել է ակումբի աշխատակիցներից մեկին, որի անունը չի նշվում:




























