ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո հնարավարություն կա, որ նրա հաջողությունը կկրկնի նաեւ ֆրանսիական ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The New York Times-ը:
Ըստ պարբերականի՝ Եվրոպայում սկսել են ավելի մեծ ժողովրդականություն վայելել աջ կուսակցությունները, որոնք միլիարդատիրոջ ընտրության մեջ աշխարհի քաղաքական լանդշաֆտում կտրուկ փոփոխություններ տեսան:
«Դա ցույց է տալիս, որ երբ մարդիկ ինչ-որ բան շատ են ուզում, կարող են դա ստանալ... Երբ մարդիկ ցանկանում են ճակատագիրն իրենց ձեռքը վերադարձնել, կարող են դա անել՝ չնայած սեւացնելու անդադար արշավին»,- Լը Պենի խոսքերն է մեջբերում The New York Times-ը:
«Լը Պենը կարող է հաղթել Ֆրանսիայում»,- հայտարարել է երկրի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենը, որը, ըստ պարբերականի, հայտնի է իր գնահատականների լրջությամբ:
Սակայն փորձագետները կասկածում են, որ դեպի Ելիսեյան պալատ Լը Պենի ճանապարհը դյուրին է լինելու, եթե ընդհանրապես հաջողությամբ պսակվի: Ֆրանսիայում ե՛ւ ձախերի, ե՛ւ աջերի կողմնակիցներն ընտրությունների վերջին փուլում սովորաբար միավորվում են ծայրահեղ աջերի թեկնածուի դեմ: Բացի այդ, «Ազգային ճակատի» առաջնորդի ռեսուրսները համեմատելի չեն Թրամփի ունեցած ռեսուրսների հետ:
«Լը Պենը թեկնածուն է մի կուսակցության, որը համակարգի ծայրում է: Թրամփը Հանրապետական կուսակցության թեկնածուն էր»,- նշել է եվրոպական ծայրահեղ աջ հոսանքների հարցերով փորձագետ Ժան-Իվ Կամյուն:
Ամեն դեպքում՝ Լը Պենը բազմաթիվ կողմնակիցներ ունի. «Ազգային ճակատ» կուսակցությունն իշխանության գլուխ է ֆրանսիական 11 քաղաքներում, որտեղ բնակիչների աջակցությունն է վայելում: Ըստ հոդվածագրի՝ դրանցից մեկի՝ Էնեն Բոմոնի քաղաքապետը կարծում է, որ ամբողջ երկրի քաղաքացիներն են փոփոխություններ ուզում:
«Բազմաթիվ ֆրանսիացիներ գլոբալիզացիայի եւ ներգաղթի զոհ են դարձել: Այնպես որ՝ մենք պետք է փոխենք մեր քաղաքականությունը: Եվ դա կարող է անել միայն Մարին Լը Պենը»,- ընդգծել է նա:




























