ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է իր նախագահության շրջանում ծրագրված վերջին օտարերկրյա շրջագայությանը։ Նրա խորհրդականների խոսքով, Օբամայի եւ օտարերկրյա առաջնորդների քննարկման գլխավոր թեմաներից մեկն է լինելու ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Օբամայի շրջագայությունն ընդգրկելու է այցելություններ Հունաստան, Գերմանիա ու Պերու, որտեղ նա իր աջակցությունն է հայտնելու «ուժեղ, ինտերգրված ու միասնական Եվրոպային»։
Օբամայի միակ ծրագրված զանգվածային ելույթը կկայանա Հունաստանում նոյեմբերի 16-ին, այն նվիրված կլինի տնտեսական խնդիրներին։ Նոյեմբերի 17-ին Օբաման կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որին Օբամայի խորհրդականները անվանել են «Օբամայի ամենամտերիմ գործընկերը նրա նախագահության տարիներին»։
Բեռլին են ժամանելու նաեւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ու Իսպանիայի առաջնորդները, որոնք մասնակցելու են նոյեմբերի 18-ին ծրագրված բանակցություններին։ Դրանց գլխավոր թեմաներն են լինելու ԻՊ դեմ պայքարը, միգրացիայի խնդիրը, Ուկրաինայի շուրջ իրավիճակն ու ԱՄՆ-ում անցած շաբաթ կայացած նախագահական ընտրությունները։




























