Մոսուլը գրոհելու նպատակով ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի գործողության հետեւանքով ԻՊ զինյալները Իրաքից Սիրիա են սկսել տեղափոխվել։ Այս մասին հայտնել է քաղաքագետ Կարինե Գեւորգյանը, NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Իրաքի դաշնային ոստիկանության օպերատիվ շտաբի ղեկավար, բրիգադային գեներալ Ֆարիս Ռադիի հայտարարությունն այն մասին, որ ԻՊ պարագլուխները իրենց ընտանիքներով լքում են Մոսուլը։

Կարինե Գեւորգյանը, որը մինչ այդ կանխատեսել էր իրադարձություններիր զարգացման հենց նման սցենար, նկատել է, որ ամերիկյան ղեկավարությունը չի էլ քողարկել իր մտադրությունները։ «Նրանք փաստացի այդ մասին էին խոսում։ Չէին քողարկում, որ իրենց համար կարեւոր է զինյալներին ստիպել, որ Իրաքից Սիրիա տեղափոխվեն։ Սա այն դեպքում, որ զինյալները այդքան էլ չէին ուզում Սիրիա գնալ»,- նշել է քաղաքագետը։

Ֆարիս Ռադիի խոսքով, ԻՊ զինյալների մեծ մասը իրենց ընտանիքների հետ միասին լքել է Մոսուլը ու Իրաքի տարածքը, ուղեւորվելով Սիրիա։ Դա ծայրաստիճան վատ է ընկալվել շարքային զինյալների կողմից։ Նրանք արդեն բարձրաձայն արտահայտում են իրենց դժգոհությունը։ Չնայած ահաբեկչական կազմակերպության ղեկավարության փախուստին՝ արմատականները դեռ շարունակում են կենդանի ուժ ու զենք ստանալ Սիրիայից։ Մնացել է մի նեղ միջանցք, որը մոտ ժամանակներս պետք է արդեն փակվի,նշել է Ռադին։