Թրամփի ընտրվելուց հետո Մերձավոր արեւելքում ԱՄՆ քաղաքականությունում շատ բան կփոխվի, թե պաշտոնական, թե օպերատիվ մակարդակներում։ Նման տեսակետ է հայտնել Կարինե Գեւորգյանը ՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։

«Բանն այն չէ, որ ԱՄՆ-ն կհրաժարվի ածխաջրածինների նկատմամբ հսկողությունից, բայց քաղաքականությունը կարող է ավելի ողջամիտ եւ կլանային խմբավորումների տեսակետից նվազ կողմնակալ դառնալ։ Իսկ այն, որ Քլինթոնը կողմնակալ էր, ամբողջ աշխարհը գիտի»,- նկատել է քաղաքագետը։

Նրա խոսքով, դա նաեւ չի նշանակում, որ Ռուսաստանի հետ բանակցությունները նվազ կոշտ են լինելու։ «Բայց ուրիշ են լինելու՝ ավելի կառուցողական», -ասել է նա՝ հավելելով, որ գեներալների շրջանում առաջ էլ էին հնչում Ռուսաստանի հետ համագործակցությունը աջակցող ձայներ։ «Բայց Քլինթոնին դա ձեռնտու չէր։ Նրա դիրքորոշումը միանշանակ էր՝ ռուսները պետք է հեռանան»,- նկատել է Կարինե Գեւորգյանը։

«Նախկին պարադիգման այլեւս չի գործում։ Իշխանության է եկել կոնտրէլիտան՝ ի դեմս Թրամփի»,- նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ Թրամփի գալուստը ԱՄՆ-ի համար խորհրդանշում է տեստոստերոնի նոր մակարդակ։