Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին պետքարտուղարի պաշտոնի համար Դոնալդ Թրամփի առաջատար թեկնածուն է, հավաստի աղբյուրներ վկայակոչելով՝ հայտնում է The Wall Street Journal–ը։
«Թրամփի օգնականները նաեւ դիտարկում էին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնի թեկնածությունը, բայց այդ աղբյուրների խոսքով՝ Ջուլիանիի ու Թրամփի մտերիմ հարաբերությունները կարեւոր գործոն դարձան»,- գրում է պարբերականը։ «Թրամփի համար դա ընտրություն էր մտերիմ ընկերոջ ու Նյու Յորքում իր դաշնակցի ՝ Ջուլիանիի եւ ագրեսիվ տրամադրված պահպանողական դիվանագետ Բոլթոնի միջեւ, որը ԱՄՆ-ին անցած տարի կոչ էր անում ռմբակոծել Իրանը։ Վերջնական որոշումը կարող է ընդունվել մի քանի շաբաթից, ասում են աղբյուրները, ու դեռ նոր թեկնածուներ էլ կարող են հայտնվել»։
«Թրամփի կողմից պետքարտուղարի ընտրությունը առանցքային պահ է լինելու ԱՄՆ արտաքին քաղաքականությունը փոխելու նրա փորձերում։ Նա կոչ է արել վերանայել ԱՄՆ փոխգործակցությունը դաշնակիցների ու հակառակորդների հետ՝ վստահեցնելով, որ ՆԱՏՕ-ի մյուս պետությունները պետք է ավելի շատ պարտականություններ ստանձնեն ու որ Սպիտակ տունը պետք է նոր հարաբերություններ կառուցի Ռուսաստանի հետ՝ Մերձավոր արեւելքում լարվածությունը կարգավորելու համար»,- գրում են հոդվածագրերը։
Նոյեմբերի 14-ին նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է ԱՄՆ դաշնակիցների կողմից հնարավոր դժգոհության մասին, եթե Թրամփը փորձի խզել միջուկային համաձայնագիրը Իրանի հետ։ ԻՄԾ շուրջ գործարքին նաեւ մասնակցել են Ռուսաստանն ու Չինաստանը, հիշեցրել է նա։ Իսկ եթե Թրամփը հետ կանգնի կլիմայական փոփոխությունների մասին Փարիզյան համաձայնագրից, դա էլ ԱՄՆ-ին կհեռացի ավելի քան 200 երկրներից, որոնք ստորագրել են այն, զգուշացրել է Օբաման։
Թրամփը դեռ ոչնչով չի ակնարկել, որ մտադիր է փոխել երկու գործարքների մասին իր թշնամական դիրքորոշումը, ասվում է հոդվածում։
Թրամփի կողմից ընտրված Պետքարտուղարը ստիպված է լինելու հարթել ռուս- ամերիկյան հարաբերությունները, որոնք լի են բարդություններով ՝ մանավանդ սիրիական հարցի շուրջ։




























