Չնայած եվրոպական աշխատանքի շուկայում փոքր բարելավմանը՝ «շատանում են այն մարդիկ, որոնք աշխատելով ամբողջ աշխատանքային օրը, աղքատության շեմին են կանգնած՝ նման մարդկանց քանակը ԵՄ պետություններում 2013 –ի 7․2 տոկոսից 2015-ին աճել է մինչեւ 7․8 տոկոս», հայտնում է շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթը՝ վկայակոչելով Bertelsmann հիմնադրամի հետազոտությունը։ Գերմանիայում նման մարդիկ 2013-ին 5․1 տոկոս էին, 2015-ին՝ 7․1 տոկոս են դարձել։ Կազմակերպութունը 2008-ից սկսած հրապարակում է այսպես կոչված «Սոցիալական արդարության գործակիցը» ։
Այսպես կոչվող աշխատող աղքատների թվաքանակի աճը տագնապ է առաջացնում հետազոտության հեղինակների մոտ։ «Նույնիսկ աշխատանքի առկայության դեպքում գոյատեւելու միջոց չունեցող մարդկանց թվի աճը խաթարում է մեր հասարակական ու տնտեսական մոդելների լեգիտիմությունը»,- հավաստիացնում է հիմնադրամի նախագահ Աարտ դե Գեուսը։
Ընդամենը Եվրոպայում աղքատության շեմին է գտնվում ԵՄ քաղաքացիների 23․7 տոկոսը։ 2014-ին այդ ցուցանիշը 24․4 էր։ Ռիսկի կատեգորիայում ամենաշատ մարդկանց թիվը 2015-ին գրանցվել է Հունաստանում ՝ 35․7 տոկոս, Ռումինիայում ՝ 37․3 տոկոս, Բուլղարիայում՝ 41․3 տոկոս։ ՄԻնչեւ 18 տարեկանների խմբում աղքատությունը սպառնում է ԵՄ քաղաքացիների 26․9 տոկոսին։Իսկ Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում ու Պորտուգալիայում աղքատության շեմին է գտնվում միջինը յուրաքանչյուր երրորդ երեխան։
Հիմնադրամի նախագահ Աարտ դե Գեուսը նշում է, որ «շատ երիտասարդների մոտ հեռանկարների բացակայությունը ձեռնտու է ամրապնդվող պոպուլիստական շարժումներին»։




























