Տարբեր տարիներին Հայաստանից գնացածները կարողացել են մոտ մեկ միլիոն աշխատատեղ բացել Ռուսաստանում։ Այս մասին նոյեմբերի 15-ին ԱԺ-ում ասել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Մհեր Շահգելդյանը։

Նրա խոսքով, այդ հսկայական ներուժի մի մասը կարող էր Հայաստանում իրացվել։ Բայց այստեղ, հակառակը, երիտասարդների 40 տոկոսը գործազուրկ է։ Եվ սա այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում գործազրկության մակարդակը նվազում է։ «Ըստ տարբեր աղբյուրների՝ Հայաստանի երիտասարդության 50 տոկոսը համարում է, որ աշխատանքի ընդունելիս իրենց նկատմամբ կողմնապահ վերաբերմունք կա։ Իսկ 57 տոկոսը հակված է համարելու, որ չի կարող աշխատանքի դասավորվել առանց միջնորդների՝ ազգականների ու ընկերների»,- հավելել է պատգամավորը։