Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած ասպանության կասկածանքով այսօր՝ նոյեմբերի 15-ին, ձերբակալված գեղեցկության սրահի սեփականատերը հրաժարվել է ցուցմունք տալուց: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Դիտավորյալ սպանության կասկածանքով Պետրոս Իսրայելյանի հետ ձերբակալված Ռուբեն Խաչատրյանը եւս հրաժարվել է ցուցմունք տալուց: Այսօր ավելի վաղ ձերբակալվել էր նաեւ գեղեցկության սրահի տնօրենի կինը՝ սպանությունը պարտակելու կասկածանքով:
Նշենք, որ գեղեցկության սրահի սեփականատերը հետախուզման մեջ էր:
Նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը, իսկ տուժածներից մեկը հիվանդանոցում է՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, նոյեմբերի 14-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում:
Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով երեք երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոց տեղափոխվածներից երկուսը մահացել են:




























