ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ խախտել է կարգը՝ լրագրողներին չտեղեկացնելով, որ պատրաստվում է հեռանալ իր նստավայրից եւ ընտանիքի հետ ընթրել ռեստորանում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP-ն:

Գործակալության տվյալներո՝ երեքշաբթի Թրամփը շուրջ երկու ժամ անցկացրել է 21 Club ռեստորանում, որը Trump Tower երկնաքերից մի քանի փողոց հեռու է գտնվում: Լրագրողներն այդ մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ ավտոշարասյունը, այդ թվում՝ շտապօգնության մեքենան, հեռացել են երկնաքերից:

Հանրապետական գործչի ներկայացուցիչ Հոուփ Հիքսը լրագրողներին հաղորդել էր, որ նա օրվա ընթացքում այլեւս չի հեռանալու տնից: Նրա գտնվելու վայրը հայտնի է դարձել ռեստորանում արված լուսանկարների հրապարակումից հետո: Հիքսը հայտարարել է, որ իրեն հայտնի չեն եղել Թրամփի ծրագրերը:

New York Post-ը գրում է, որ բազմաթիվ լրատվամիջոցները Թրամփին քննադատում են ավանդույթներին չհետեւելու համար, որոնց համաձայն՝ լրագրողները պետք է իմանան նախագահի գործողությունների մասին: