Ուկրաինայի Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն խորհրդարանի պատգամավորներին քննադատել է այն օրինագծում լրացումներ կատարելու համար, որով նախատեսվում է նախնական կալանքի մեկ օրը ազատազրկման երկու օր հաշվել, փոխանցում է «112 Ուկրաինա»-ն:

«Դուք չեք պաշտպանում եւ արդարացի չեք քննում: Դուք քաղաքական սպեկուլյացիայով եք զբաղվում եւ բոլորին մեկ անգամ եւս ապացուցում եք, որ ոչխար եք: Միայն թե մի ոչխարը մյուսից ավելի պնդաճակատ է: Իրականում բոլորն էլ ոչխարներ են»,- հայտարարել է պատգամավորը՝ ավելի ուշ հստակեցնելով, որ իրեն էլ է «այդ հոտի» մեջ ներառել:

Նա նաեւ ընդգծել է, որ այդ բառը չի վերաբերում կենդանու հետ ինչ-որ ուղղակի համեմատության կամ գռեհիկ համեմատության: «Դա վերաբերում է նրան, որ պատգամավորներն իրենք են խոստովանում, որ օրենքներ են ընդունում առանց մտածելու: Իսկ առանց մտածելու առաջ է գնում միայն ոչխարի հոտը: Եթե այս ոչխարի հոտը ընդունում է, որ իրենք ոչխար են, այդ դեպքում թող ժողովուրդը նրանց մսուր քշի: Եվ որքան արագ, այնքան լավ»,- եզրափակել է նա: