Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւիվ բացի, օպերատիվ գործողություններ են իրականացվել նաեւ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի, նախագահի օգնական Անդրեյ Բելաուսովի նկատմամբ: Այս մասին հայտնել է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրին:
Նրա տվյալներով՝ թիրախում են եղել նաեւ Տնտեսական զարգացման նախարարության կորպորատիվ կառավարման դեպարտամենտի ղեկավար Օքսանա Տարասենկոն եւ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի օգնական Մարինա Ռոմանովան: Բելաուսովը եւ Դվորկովիչը հրաժարվել են մեկնաբանել այս լուրերը:
Պարբերականը հայտնում է, որ «ուժայինները վաղուց էին հետեւում Ուլյուկաեւի թիմին», այդ թվում՝ «Ռոսռեեստրում նշանակումներ կատարելիս խախտումների վերաբերյալ բազմաթիվ բողոքների պատճառով»: Աղբյուրի խոսքով՝ այդ մասին զեկուցվել է նախագահ Վլադիմիր Պուտինին:
Նոյեմբերի 16-ին հաղորդվել է, որ կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալված Ուլյուկաեւի ձեռքի վրա հետքեր են մնացել փողով պայուսակի հետ շփվելու հետեւանքով, որը հատուկ մշակման էր ենթարկվել:




























