Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, որը հայտնի է համաշխարհային առաջնորդների հասցեին իր կտրուկ  հայտարարություններով, վստահություն է հայտնել, որ Դոնալդ Թրամփի ընտրվելով ԱՄՆ–ի հետ իր հարաբերությունները կկարգավորվեն, ինչպես նաեւ ասել է, որ սպասում է Պերուում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հայտնում է AP-ը։

Մամուլի ասուլիսի ժամանակ Դուտերտեին հարցրել են, թե կբարելավեն արդյոք ԱՄՆ–ի հետ նրա հարաբերությունները Թրամփի ընտրվելուց հետո։ «Ես վստահ եմ, մենք ոչ մի կոնֆլիկտ չունենք։ Ես միշտ կարող եմ ընկերանալ ում հետ ասես»,– պատասխանել է Դուտերտեն։

Ֆիլիպինների նախագահը նաեւ նշել է, որ Պերուում Ասիա–խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ Պուտինի հետ հանդիպում է խնդրել։ Նրա խոսքով՝ ինքն ուզում է, որ Ֆիլիպիններն ու Ռուսաստանը «լավագույն ընկերներ» դառնան։