«Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ախազգուշացրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա հարաբերությունների ջերմացման առթիվ։ Նրանք ասել են, որ ողջունում են երկխոսությունը, սակայն Միացյալ Նահանգները չպետք է լքեն իրենց դաշնակիցներին հանուն Մոսկվայի հետ կապերի ամրապնդման,- հայտնում է Մայքլ Բիրնբաումը The Washington Post–ում,- Այդ նախազգուշացումները հնչել են Թրամփի ու Պուտինի հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում նրանք խոստացել են աշխատել հարաբերությունները լավացնելու ուղղությամբ»։
Երեքշաբթի Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Թրամփին կոչ է արել զգուշավոր լինել՝ Պուտինի հետ գործ ունենալիս։ «Միշտ ավելի լավ է երկխոսություն ունենալ Ռուսաստանի հետ,- ասել է նա թղթակիցներին ԵՄ պաշտպանության նախարարների հետ Բրյուսելում հանդիպելուց առաջ,- Սակայն մեզ համար կարեւոր է նաեւ մեր սկզբունքների մասին չմոռանալը։ Դա նշանակում է, որ միջազգային օրենքները չպետք է խախտվեն»։
«Նորմալ է, որ Թրամփը խոսում է համաշխարհային առաջնորդների՝ այդ թվում Պուտինի հետ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, որը վստահություն է հայտնել, որ Թրամփը կկատարի ԱՄՆ ստանձնած պարտավորությունները։ «Սակայն Սթոլթենբերգը նախազգուշացրել է, որ պետք չէ ճակատագրի քմահաճույքին լքել այն երկրներին, որոնք ռուսական սպառնալիքի տակ են հայտնվել վերջին տարիներին»,- ասվում է հոդվածում։ «Մենք կարծում ենք, որ կարեւոր է հարգել բոլոր երկրների ՝ այդ թվում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։




























