ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին ֆինանսներ մոբիլիզացնել գլոբալ տաքացման խնդիրների լուծման համար։ Նա կոչ է արել հրաժարվել վառելիքի հանածո տեսակների արդյունահանմանը հատկացվող սուբսիդավորումներից ու ապահովել էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացում։
Բան Կի Մունի կարծիքով ջերմոցային գազերի արտանետումների ներկա անընդունելի մակարդակը անցյալում կիրառվող սխալ ներդրումային սխեմաների հետեւանքն է։ Նա շեշտել է, որ այսօր պետք է որոնել այլընտրանքներ, որոնց միջոցով հնարավոր կլինի նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը։
Խոսելով Փարիզյան համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորություններից գործողությունների անցնելու անհրաժեշտության մասին՝ ՄԱԿ-ի ղեկավարը խորհուրդ է տվել աստիճանաբար հրաժարվել վառելիքի հանածո տեսակների արդյունահանումը սուբսիդավորելուց։ Հիմա այդ սուբսիդիաները հասնում են տարեկան 400 մլրդ դոլարի։




























