Ամերիկյան Մինեսոտա նահանգի դաշնային դատարանը ծնունդով Սոմալիից Աբդիրահման Դաուդային եւ Մոհամեդ Ֆարային 30-ական տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել՝ «Իսլամական պետության» շարքերը համալրելու փորձի համար: Եվս մեկին՝ 22-ամյա Գուլեդ Օմարին, դատապարտել են 35 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ընդհանուր առմամբ, գործում 9 անձ է ներգրավված եղել: «Հասարակությունը պետք է հասկանա, որ ջիհադականների բջիջ գոյություն ունի, որը շոշափուկներն է տարածում: Երիտասարդությունը Սիրիա է մեկնել եւ զոհվել այնտեղ»,- հայտարարել է դաշնային դատավոր Մայքլ Դեւիսը:

Հետաքննությանը հայտնի է դարձել, որ 2015 թվականի ապրիլին Ֆարան Սան Դիեգոյի է մեկնել՝ կեղծ անձնագիր ձեռք բերելու եւ Սիրիա մեկնելու համար:

Հավելենք, որ Մինեսոտայում սոմալացիների համայնքը խոշորագույնն է ԱՄՆ-ում: