ԱՄՆ Սենատի քննարկման է ներկայացվել ընտրական կոլեգիան լուծարելու եւ նախագահի ուղղակի ընտրությունների անցնելու մասին օրինագիծ: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Այն ներկայացրել է Քալիֆորնիայից սենատոր Բարբարա Բոքսերը: «Մենք աշխարհի միակ երկիրն ենք, որտեղ կարելի է նախագահական ընտրություններում ձայների մեծամասնություն ստանալ եւ պարտվել»,- ասել է նա՝ ընտրական կոլեգիան անվանելով «հնացած եւ ոչ ժողովրդավարական համակարգ»:
Օրինագիծը, որը հանրապետականների կողմից կառավարվող կոնգրեսում ընդունվելու քիչ հնարավորություն ունի, վերջին քայլն է ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեմ դեմոկրատների բողոքի շարքում:
Եթե անգամ այն ընդունվի, ԱՄՆ-ում ընտրական համակարգի փոփոխության համար պետք է 7 տարվա ընթացքում վավերացվի նահանգների երեք քառորդի կողմից, քանի որ դրա համար Սահմանադրությունում անհրաժեշտ փոփոխություններ պետք է կատարվեն:
Նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններում ձայների հաշվարկի արդյունքում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը Դոնալդ Թրամփից ավելի շատ ընտրողների ձայն էր ստացել, սակայն ամերիկյան երկաստիճան ընտրական համակարգը հաղթանակ շնորհեց վերջինին: Սա ԱՄՆ-ի պատմության մեջ հինգերորդ դեպքն է. վերջին նախագահը, որն ընտրողների ավելի քիչ ձայն է ստացել, բայց ընտրիչների ձայների մեծամասնությամբ նախագահ է դարձել, հանրապետական Ջորջ Բուշ-կրտսերն էր:




























