Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հուլիսի 9-ին սեփական տանը Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության գործով հարուցված քրեական գործի նախաքննությունն մեղադրվողի ինքնասպանությունից հետո շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վաչիանի գյուղապետ Ֆեդյա Թորոսյանը: Նա նշեց, որ այն տեղեկությունները, թե Քաչոտյանների սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովի ինքնասպանությունից հետո քրեական գործը կարող է կարճվել, իրականությանը չեն համապատասխանում. «Քննությունը շարունակվում է, չի կարճվել քրեական գործը: Բայց, դեռ նորություններ չունենք»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հուլիսի 9-ին սեփական տանը Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովը օգոստոսի 27-ին կալանավայրում ինքնասպան է եղել: Նրա ինքնասպանության գործով զբաղվում է անձամբ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 5, 13, 18 տարեկան երեխաներին, հուլիսի 10-ին, հարազատները հայտնաբերել են սպանված:
Նախնական տեղեկություններով, հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:
Նշենք, որ Վաչիանին Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, գյուղի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական ճանապարհը:
Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը՝ ծխից մրոտված:
Նշենք, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը, Ռուսաստանի Դաշնությունում էր` արտագնա աշխատանքի:




























