Շենգավիթում «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով այսօր՝ նոյեմբերի 18-ին, ձերբակալված քրեական հեղինակություններ  Ալիկ Բանդուրյանը «Քյավառցի Ալիկ»  եւ Արմեն Գասպարյանը «Բդո», կասկածվում են սպանության  դրդելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

«Լիա» գեղեցկության սրահի սեփականատեր Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Մուշեղ Մուշեղյանի սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), իսկ Ռուբեն Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությանն օժանդակելը)։

Նույն օրը որոշում է կայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը, իսկ տուժածներից մեկը հիվանդանոցում է՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետեւանքով երեք երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոց տեղափոխվածներից երկուսը մահացել են: