«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանի՝ Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործը տապալվել է, բայց որպեսզի շարունակություն տան, նոր «գործակալ» վկա են բերել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը: Նա նշեց, որ Անդրիաս Ղուկասյանի օգտին ցուցմունքներ են տվել մի շարք լրագրողներ, որոնք վկայել են այն մասին, որ այդ օրն Անդրիասը ոչ թե անկարգություններ է կազմակերպել, այլ փորձել թույլ չտալ, որ անկարգություններ լինեն:

«Գործն, ըստ էության, տապալված է իրավական, փաստական առումով, լրագրողների, օպերատորների ցուցմունքների հիման վրա ապացուցվել է, որ ոչ Անդրիաս Ղուկասյանը, ոչ Դավիթ Սանասարյանը, ոչ Արմեն Մարտիրոսյանը, ոչ էլ մյուս տղաները նման անկարգություններ չեն արել, այդ պատճառով էլ այդ վկային բերեցին, որը նախկինում մի քանի անգամ խարդախությունների համար դատապարտված է եղել»,-ասաց նա:

Անդրիաս Ղուկասյանի փաստաբանններ Ինեսսա Պետրոսյանն ու Կարեն Մեժլումյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էին, որ ուսումնասիրել են վկայի անցյալը եւ պարզել, որ նա երկու անգամ դատված է եղել՝ փաստաթղթեր կեղծելու եւ անկարգություններ անելու համար, մեկ անգամ էլ նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար, որը հետագայում հանվել է՝ անձի պարանոյիդ հոգեկան խանգարում ունենալու պատճառով, եւ նա բուժման է ուղարկվել:

Ինեսսա Պետրոսյանի խոսքով, Գեղամ Սահակյանը Սարի թաղի դեպքերի ժամանակ երկու անգամ զանգահարել է Անդրիաս Ղուկասյանին, մեկ անգամ էլ՝ հանդիպել. «Նա ասել է, որ Սարի թաղում է բնակվում եւ անհանգստացած է, որ այնտեղ հոսանք չկա, եւ խնդրել է Անդրիաս Ղուկասյանին զբաղվել այդ հարցով, ասել է, որ սարիթաղցիները ցանկանում են հանդիպել նրան, Ղուկասյանն էլ, կասկածանքներ ունենալով, խնդրել է նրան իր հարցը գրավոր ուղղել: Անդրիաս Ղուկասյանը չի հերքել, որ ճանաչում է այդ մարդուն, բայց ասում է, որ երբեք չի զանգահարել նրան»: