Ջավախքի տարածաշրջանի մի քանի բնակիչներ կամավոր Վրաստանի ՆԳ նախարարությանն են հանձնել տրոտիլ պայթուցիկ նյութի 22 խուրձ, 9 կարճափող որսորդական հրացան եւ ձեռքի 93 նռնակ: «Գրուզիա On-line»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Դրանից զատ, քաղաքացիները իրավապահներին են հանձնել մոտ 33 հակատանկային արկ, 4 ռումբ, 2 հակատանկային նռնակ, 13 դետոնատոր, ինքնաձիգի 6 պահունակ, 9 ծխանռնակ եւ 4 հազար 521 մարտական փամփուշտ:
Փորձաքննության տվյալների համաձայն՝ հրազենը եւ զինամթերքը ռազմամթերք են հանդիսանում:
Հիշեցնենք, որ Վրաստանում, ըստ գործող օրենսդրության, զենք-զինամթերքը եւ պայթուցիկ սարքերը կամավոր հանձնած անձինք քրեական պատասխանատվությունից ազատվում են:




























