Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մարզական եւ կրթամշակութային հաստատություններում սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման համար խստացվել է հսկողությունը: Այս մասին Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշել է աշխատակազմի հանրակրթության վարչության պետը՝ հավելելով, որ այդ հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը:
Աշխատակազմի հանրակրթության եւ վերահսկողության վարչություններին, ինչպես նաեւ վարչական շրջանների համապատասխան բաժինների պատասխանատուներին հանձնարարվել է շարունակել անակնկալ այցերը վերոնշյալ հաստատություններ՝ հետեւելով հանձնարարականի կատարմանը: Անդրադառնալով աշխատակազմի առողջապահության վարչության պետի զեկույցին վերջին մեկ ամսվա ընթացքում օդակաթիլային վարակներով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճի վերաբերյալ` քաղաքապետը հանձնարարել է հիվանդությունները կանխարգելելու նպատակով շարունակել խստացված հսկողությունը՝ ուսումնական հաստատություններ վատառողջ երեխաների հաճախելը բացառելու նպատակով:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի բնապահպանության եւ կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաեւ 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հետեւողականորեն շարունակել աշխատանքները փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաեւ բակային տարածքները թափված տերեւներից մաքրելու ուղղությամբ: Այդ համատեքստում հանձնարարվել է նաեւ խստորեն հետեւել, որ բացառվեն կուտակված տերեւների այրման հնարավոր դեպքերը:




























