Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ապրող 40-ամյա Արմեն Երանոսյանը կմնա առանց աշխատանքի: NEWS.am-ի հետ զրույցում Արմենը պատմեց, որ Վարդենիսի ոսկու հանքի տնօրինությունն իրեն նոյեմբերի 22-ին հրավիրել է գործարան եւ ասել, որ չեն կարեղ լուծել նրա աշխատանքի հարցը:
«Ասին՝ ում հանել ենք, էլ չենք կարող հետ ընդունել: Մնացել եմ երկու քարի արանքը՝ չգիտեմ, թե ոնց եմ անցկացնելու ձմեռն առանց գումարի»:
Արմեն Երանոսյանը նշեց, որ երբ աշխատելիս է եղել եւ ամսական ստացել մոտ 350 հազար դրամ, բանկից վարկ է վերցրել եւ գնել անասուն, սակայն, աշխատանքը կորցնելուց հետո չգիտի՝ ինչպես է փակելու վարկը. «Մորս հետ եմ ապրում, արդեն մինուս է դուրսը, բայց մենք գազը չեն միացնում, որ փող չգրի: Ոչ մայրս է աշխատում, ոչ էլ ես: Բացի այդ, ուզում էի գոնե տան կտուրը վերանորոգեի, որովհետեւ անձրեւ է գալիս՝ մենք զոնտիկով ենք քայլում տան մեջ: Մի խոսքով, ահավոր պայմաններում ենք»:
Արմեն Երանոսյանը նշեց, որ գալու է Երեւան եւ կառավարությունից պահանջելու, որ իր աշխատանքի հարցը լուծվի, դիմելու է ծայրահեղ քայլերի. «Մեխելու եմ ոտքերս, նստեմ կառավարության դիմաց ու պահանջեմ վարչապետին»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմեն Երանոսյանը կարել էր բերանը եւ Երեւանի Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 16-ից հացադուլ հայտարարել՝ պահանջելով լուծել իր աշխատանքի հարցը:




























