Աչինչ չի կարող ստիպել Արցախի ժողովրդին հետ կանգնել անկախ ու ազատ հայրենիքում ապրելու ձգտումից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի  Տավրիդյան պալատում ՌԴ Պետական Դումայի նախագահ  Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Աժ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար  Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով Վյաչեսլավ Վոլոդինին, ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ նրա ղեկավարության տարիներին հայ ռուսական միջխորհրդարանական հարաբերությունները նոր զարգացում կարձանագրեն: Կողմերը կարեւորել են հայ-ռուսական  հարաբերությունների դաշնակցային բնույթը, որին  նոր որակ հաղորդեց Հայասատանի անդամակցումն Եվրասիական տնտեսական միությանը:  Անդրադառնալով հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին, ԱԺ փոխնախագահը նշել է միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքի  անհրաժեշտությունը:  Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել  են նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

Է. Շարմազանովը մասնավորապես նշել է. «Մենք կարեւորում ենք խաղաղության ու կայունության պահպանումը մեր տարաշածրջանում: Չնայած Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, Ադրբեջանն  անտեսում է դրանք, իր  ապակառուցողական եւ հակահայկական գործողություններով շարունակում է սրել իրավիճակը  շփման գծում: Դա անթույլատրելի է: Բոլորը պետք է հասկանան, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի եւ ոչինչ չի կարող ստիպել Արցախի ժողովրդին հետ կանգնել անկախ ու ազատ հայրենիքում ապրելու ձգտումից»: