Ռուսաստանի արտոնագրային ծառայությունը «Ռուսիանո» ապրանքանիշի գրանցման մի քանի հայտ է ստացել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
«Ռուսիանո» բառն առաջին անգամ հնչել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը գովաբանել է բելառուս գործընկերներին «բացառիկ կառուցողական վարքագծի համար», ի պատասխան երկրի վարչապետ Անդրեյ Կոբյակովն ասել է, որ այդ հարցում իրեն արեւելյան սուրճն է օգնել:
«Ասում է՝ ինձ ամերիկանո տվեք: Դա ընդհանրապես քաղաքականապես կոռեկտ չի հնչում»,- ասել է Մեդվեդեւը՝ դիմելով նիստի մասնակիցներից մեկին: Ռուսաստանի վարչապետն ըմպելիքի համար նոր անուն է գտել եւ կատակով առաջարկել է այմերիկանոն «ռուսիանո» վերանվանել:
Վարչապետի առաջարկին առաջինն արձագանքել է ամերիկյան Burger King ռեստորանների ցանցը՝ իր ճաշացանկում ամերիկանոն վերանվանելով «ռուսիանո»: Հետ չեն մնացել նաեւ ռուսական ընկերությունները. «Մոսկվա» գործակալության տեղեկություններով՝ Ռուսաստանի արտոնագրային ծառայություն է ուղարկվել նոր ապրանքանիշի գրանցման երեք հայտ:




























