Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Բատկիվշինա» խմբակցության անդամ Նադեժդա Սավչենկոն մտադիր է ինքնուրուն քաղաքական կարիերա ծավալել, սակայն խմբակցությունից դուրս չի գա: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 25-ին՝ «Շուստեր Live»-ի եթերում:
«Ես կուսակցություն չեմ մտնի: Ես անկախ քաղաքական գործիչ եմ դառնում: Ես սեփական հիմնադրամ եմ բացում»,- ասել է Սավչենկոն՝ հստակեցնելով, որ մտադիր է քաղաքական կուսակցություն ստեղծել: «Ես «ռուխը» որպես կուսակցություն կվարեմ»,- հայտարարել է պատգամավորը:
Ուկրաիներեն «ռուխ» բառը «շարժում» է նշանակում, որը որոշ քաղաքական գործիչներ կիրառում են իրենց կուսակցությունների անվանումներում:
«Միայն թե սա այն «Ռուխը» չէ, որը Սահակաշվիլին է ստեղծում, այն «Ռուխը» չէ, որը ներկայումս Գերագույն ռադայում ներկայացնում են Կրիվենկոն եւ Կիշկարը»,- ասել է նա:
«Սա այն «ռուխն» է, որի հետ ծանոթացել եմ, որը արժեքների ակունքն է, որոնք չեն իրականացվել, որոնց համար Մայդանը ոտքի էր կանգնել»,- ընդգծել է Սավչենկոն:




























