Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն հայտնել է, որ եղբոր՝ Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի դիակիզումը կկատարվի շաբաթ, հայտնում է «Ֆրանս Պրես»-ը:

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն 90 տարեկանում մահացել է ուրբաթ, այս մասին պետական հեռուստատեսությամբ հայտարարել է  Ռաուլ Կաստրոն:

«Ընկեր Ֆիդելի ցանկության համաձայն՝ նրա մարմինը կդիակիզվի շաբաթ վաղ առավոտյան»,- ասել է Ռաուլ Կաստրոն:

Կուբացի հեղափոխական, պետական եւ քաղաքական գործիչ Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926 թվականի օգոստոսի 13-ին: 1976 թվականի դեկտեմբերից, 30 տարի շարունակ նա եղել է Կուբայի Պետական խորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահը, նաեւ Հեղափոխական զինված ուժերի գերագույն հրամանատարը եւ երկրի Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը:

Առողջական վիճակի վատթարացման պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Ֆիդել Կաստրոն Պետխորհրդի եւ նախարարների խորհրդի իր պարտականություններն ու իրավասությունները փոխանցել է եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին: