Մեծ հաշվով, խմբավորումը վաղուց է ստեղծվել: 2000 թվականից ի վեր ամեն տարի սեպտեմբերի 27-ին մենք նշում ենք Զորքերի միավորված խմբավորման կազմավորման տարեդարձը, որը գործում է տարածաշրջանում: Այս մասին «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ խոսելով նոյեմբերի 27-30-ը Մոսկվայում Ռուսաստանի եւ Հայաստանի Զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագրի ստորագրման պլանների եւ Ռուսաստանի հետ բարեկամության շուրջ:
Նրա խոսքով՝ դրա համար հիմք է հանդիսացել 16 տարի առաջ Սոչիում ստորագրված՝ համատեղ անվտանգության ապահովման շահերի շրջանակում Զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերով համաձայնագիրը: Այդ փաստաթղթով նախատեսված էր խմբավորման ստեղծում, ինչը եւ իրականացվել է մեր գլխավոր շտաբների համատեղ հրահանգներին համապատասխան:
«Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ռուսաստանի Զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագրի ստորագրմանը, ապա այն փաստորեն ապահովում է միջպետական մակարդակում խմբավորման նորմատիվաիրավական արապնդումը: Դրանից զատ, համաձայնագիրը հաստատում է Զորքերի միավորված խմբավորման մասին դրույթը, որում գոյություն ունեցող իրողությունները հաշվի առնելով՝ շտկված է հարցերի ամբողջ շրջանակը, որոնք կանոնակարգում են դրա նախասահմանումը՝ նպատակները, խնդիրները, կազմը, փոխգործակցության կազմակերպումը եւ կառավարման համակարգը, նյութատեխնիկական եւ ֆինանսական ապահովումը, ծավալման կարգը եւ շատ այլ հարցեր»,- ասել է Սարգսյանը:
Նա նաեւ նշել է, որ Զորքերի միավորված խմբավորման հիմնական խնդիրը Հայաստանի եւ Ռուսաստանի դեմ զինված հարձակման (ագրեսիայի) անմիջական նախապատրաստման ժամանակին բացահայտումն է եւ դրա արտացոլումը Հայաստանի եւ Ռուսաստանի ԶՈւ-երի, ինչպես նաեւ այլ զորքերի, ռազմական կազմավորումների եւ մարմինների փոխգործակցության մեջ. «Հաշվի առնելով կողմերի տարածքների մեկուսացվածությունը եւ լուծվող օպերատիվ-ռազմավարական խնդիրների ծավալը՝ Հայաստանի համար հատկապես կարեւոր է, որ խմբավորումը տեղակայվում է մեր երկրի տարածքում խաղաղ ժամանակահատվածում Զորքերի միավորված խմբավորման հրամանատարության ԶՈւ կառուցվածքում կրճատված կազմով»:




























