Անհրաժեշտ է մի շարք ոլորտներում ուժեղացնել կատարողական կարգապահությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ ոստիկանությունում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վալադիմիր Գասպարյանը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, գլխավոր ու մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետեր:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ համակարգի գործունեության գլխավոր ուղղություններով կատարված աշխատանքին՝ նկատելով, որ չնայած առկա ձեռքբերումներին, մի շարք ոլորտներում անհրաժեշտ է ուժեղացնել կատարողական կարգապահությունը, բացառել օրինազանցության ցանկացած դրսեւորում, անել առավելագույնը ոստիկանության հանդեպ հանրային վստահությունն ամրապնդելու համար:

Մասնավորապես, անդրադառնալով օպերատիվ-հետախուզական գործունեությանը՝ ոստիկանության պետը կարեւորեց անձնական ունեցվածքի հանդեպ հանցավոր ոտնձգությունների հակազդումը եւ պատասխանատուներին հանձնարարեց լիարժեք իրականացնել կանխարգելիչ միջոցառումների ծրագիրը, ինչպես եւ հետեւողական լինել այդ ուղղությամբ բացահայտման աշխատանքների արդյունավետության բարձրացման հարցում:

Վլադիմիր Գասպարյանը կարեւորեց նաեւ հասարակական կարգի պահպանման եւ հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ կարգադրելով գործել բացառապես օրենքի շրջանակներում, նույնպիսի օրինահարգություն պահանջելով նաեւ քաղաքացիներից, քանզի քաղաքացին, հասարակություն-ոստիկանություն փոխգործակցության շրջանակում, նույնպես պատասխանատու է հասարակական կարգի պահպանման համար:

Ոստիկանության պետը արտաքին ծառայության եւ հանրությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց պահանջկոտ լինել ողջ գործընթացի, յուրաքանչյուր ծառայողի աշխատանքի հանդեպ, բարեփոխումների ոգուն հավատարիմ՝ թույլ չտալ հետընթացի փորձ անգամ առկա ձեռքբերումներից եւ ընդհանրական դարձնել գիտակցությունը, որ ծառայությունն օրենքին ու ժողովրդին գերակա խնդիր է, եւ կարգ խախտող ցանկացած ոստիկան խստագույն պատասխանատվության կենթարկվի:

Անդրադառնալով համակարգում իրականացվող բարեփոխումների առաջնահերթություններին ու խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին ընդգծեց մասնագիտական գիտելիքների խորացման, պրոֆեսիոնալ որակների ամրապնդման, ոստիկանության արդիականացման եւ ոստիկանի աշխատանքի բովանդակային փոփոխության անհրաժեշտությունը, ինչի համար անձնական պատասխանատվություն են կրում ստորաբաժանումների ղեկավարները:

Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը քննարկված խնդիրների շրջանակում կոնկրետ ցուցումներ տվեց մասնակիցներին: