Պարտադիր բաղկացուցիչը չի հանվելու այն օրինագծից, որի համաձայն Հայաստանի քաղաքացիների աշխատավարձերից առաջարկվում է պահել 1 հազարական դրամ։ Այս մասին նոյեմբերի 26-ին ՀՀԿ 16-րդ համագումարից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նրա խոսքով հենց դա է վերոնշյալ օրենքի առանցքային հիմքը։ «Եվ խմբագրելով դա՝ ես կխմբագրեի օրենքի բուն էությունը»,- պարզաբանել է Վիգեն Սարգսյանը։
Պաշտպանության նախարարը համամիտ չէ այն գնահատականին, որ Հայաստանում օրինագիծը լայն քննադատության է արժանացել․ «Քաղաքական դաշտում քննադատությունը գնահատվում է վերջնական քվեարկության արդյունքներով։ Մենք ունենք օրենք, որի օգտին քվեարկել է պատգամավորների ավելի մեծ քանակություն, քան վերջին տարիներին ընդունված բազմաթիվ այլ օրենքների օգտին։ 102 «կողմ»-ը շատ լայն աջակցություն է։ Եվ դա ավելին է, քան խորհրդարանում ՀՀԿ-ի ձայները»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ խորհրդարանը առաջին ընթերցմամբ հաստատել է Զինծառայողների ապահովագրական ֆոնդին վճարումների մասին օրինագիծը։ Ըստ օրինագծի ՝ Հայաստանի քաղաքացիների աշխատավարձերից առաջարկում են պահել 1 հազարական դրամ։ Զինծառայողների հաշմանդամության կամ մահվան դեպքում այդ գումարները հատկացվելու են նրանց ընտանիքներին։




























