Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը հաղորդել է, որ Քալիֆորնիայում երեք մզկիթներ սպառնալից նամակներ են ստացել: Ըստ Los Angeles Times-ը՝ նամակներն ուղղված են եղել «Սատանայի զավակներին», դրանք մակագրվել են «Ամերիկացիները՝ հանուն պայծառ ապագայի» արտահայտությամբ:
«Քաղաքում նոր շերիֆ կա՝ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա պատրաստվում է մաքրել Ամերիկան եւ այն փայլուն դարձնել»,- ուղերձի ամբողջական տեքստից մեջբերում է արել պարբերականը: Նամակներում նաեւ մահմեդականների ցեղասպանության սպառնալիք կա:
BBC-ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսում Խորհրդի տնօրեն Հուսամ Այլուշը հայտարարել է, որ Թրամփի քարոզարշավի «անպատասխանատու եւ ագրեսիվ հռետորաբանությունը» բարձրացրեց «ատելության եւ ցասումի մակարդակը Թրամփի բազմաթիվ ինքնահռչակ կողմնակիցների շրջանում»:
«Չեմ ասում, որ նա (Թրամփը) մարդկանց ռասիստ դարձրեց: Բայց դա արդեն նորմալ է դարձել: Ընտրված նախագահ Թրամփին հիշեցնում եմ, որ իր պարտականությունն է՝ նախագահ լինել բոլոր ամերիկացիների համար»,- ասել է հասարակական գործիչը:




























