Իսրայելում մի քանի օր շարունակ մոլեգնող հրդեհների հետ կապված 35 մարդ է ձերբակալվել: Ներքին անվտանգության նախարար Հիլադ Էրդանը հայտարարել է, որ մտադիր է օրենսդրական փոփոխությունների հասնել, որը թույլ կտա քանդել հրդեհողների տները, եթե նրանց գործողությունների հետեւանքով այլ մարդկանց տներ են ոչնչացել: Այս մասին հաղորդում է Newsru-Israel-ը:

Նրա խոսքով՝ եթե կարելի է սառը զենքի կամ հրազենի կիրառմամբ ահաբեկչություն իրականացնելու համար տուն քանդել, ապա նման միջոց պետք է կիրառվի նաեւ «կրակի ահաբեկչության» պարագայում:

Ձերբակալվածների մեծ մասը պաղեստինցի արաբներ են, կասկածյալների թվում նաեւ Իսրայելի քաղաքացիներ կան:

Միաժամանակ, տրանսպորտ եւ հետախուզության նախարար Իսրայել Կացն առաջարկել է փոփոխություններ մտցնել, որոնք թույլ կտան առգրավել հրդեհումների մասնակիցների գույքը: Նա նաեւ առաջարկել է ազգային ատելության հողի վրա կանխամտածված հրդեհումներն ահաբեկչություն որակել: