Շվեյցարիայում անցկացված հանրաքվեի ընթացքում ընտրողները դեմ են քվեարկել ատոմային էլեկտրակայանների համար շահագործման առավելագույն ժամկետը 45 տարի սահմանելու մասին նախաձեռնությանը: Դեմ է քվեարկել ընտրողների ավելի քան 54%-ը:
BBC-ի հաղորդմամբ, եթե կանաչների կուսակցության առաջարկն ընդունվեր, ապա Շվեյցարիայում ներկայում գործող հինգ ատոմակայաններից երեքն արդեն հաջորդ տարի կփակվեին, եւս մեկը՝ 2024 թվականին, վերջինը՝ 2029-ին:
Այս հինգ կայանները ներկայում արտադրում են երկրի էներգիայի շուրջ 40%-ը:
Գաղափարի հակառակորդները նշել են, որ Շվեյցարիան չի կարողանա արագորեն անցնել էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրների:
Ավելի վաղ երկրի կառավարությունը մինչեւ 2050 թվականը էներգետիկայի զարգացման ծրագիր է մշակել, որի շրջանակում որոշվել է այլեւս նոր ԱԷԿ-եր չկառուցել, այլ աստիճանաբար անցնել քամու, արեւի եւ բիովառելիքի էներգիայի:




























