Մսամթերք արտադրող հայկական ընկերություններն ԱՊՀ անդամ երկրների տարածքում լավագույնն են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստանի սպառողների ազգային միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Մելիտա Հակոբյանը:

Անդրադառնալով գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած փորձաքննության արդյունքներին, որի համաձայն՝ մսամթերքի մի շարք ընկերություններում սահմանված նորմերին անհամապատասխանություն է հայտնաբերվել, Հակոբյանը նշեց. «Մենք այցելել ենք ավելի քան 40 տնտեսվարողների (որոնք զբաղվում են մսա եւ կաթնամթերքի, հրուշակեղենի եւ այլնի արտադրությամբ), եւ մեր ստուգումները պարզել են, որ այնտեղ խախտումներ չկան: Մեկ լաբորատորիայի («Ստանդարտ դիալոգ») արդյունքների վրա հենվելով՝ սխալ է խախտումների մասին հայտարարելը»: Նրան խոսքով՝ անհրաժեշտ են առնվազն երեք լաբորատորիայի արդյունքներ: «Մենք դեմ ենք մեկ լաբորատորիայի տվյալների հիման վրա աղմուկ բարձրացնելուն: Չի կարելի մեր բնակչությանը մոլորության մաստնել»,- կոչ արեց Մելիտա Հակոբյանը՝ հավելելով, որ այդ ամենի մեջ կարող է ինչ-որ միտում լինել, կարող է պատվեր լինել, հնարավոր է նաեւ խանութների մեղքը:

Ավելի վաղ տարածվել էին փորձաքննության արդյունքները, որը գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվերով նոյեմբերի 14-ին անցկացվել է «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում: Պետական մարմնի հաղորդագրության համաձայն՝ փորձաքննությամբ սահմանված նորմերին  անհամապատասխանություն է հայտնաբերվել երկու ընկերությունների արտադրած երշիկեղենում: Փորձաքննությունն անցկացվել է «Մարիլա», «Բարի Սամարացի», «Աթենք» եւ «Բեկոն» ընկերություններում: «Մարիլա» եւ «Բարի Սամարացի» ընկերությունների երշիկեղենը սահմանված նորմերին չի համապատասխանել, որի հիման վրա Պետական ծառայությունն այդ արտադրողների նկատմամբ համապատասխան գործողություններ կկիրառի: