Մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար 2,5 տարվա ազատազրկման դատապարտված, Գյումրիի բժշկական կենտրոնի ռադիոլոգ Նազանի Մալխասյանի գործով վերաքննիչ բողոքի նիստերն անընդհատ հետաձգվում են:

Պարզվում է՝ այս գործով նիստերի օրերին դատարանի կազմը մշտապես ծանրաբեռնված է: Նշենք, որ դեռեւս հուլիսին դատարան ուղարկված այս գործով ընդամենը երկու նիստ է տեղի ունեցել: Թե ինչու է դատարանը ձգձգում որոշում կայացնելը, պարզ չէ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ռադիոլոգ Նազանի Մալխասյանն իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով այդ պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Լեւոն Դարբինյանի մահը:

Նազանի Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մալխասյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 2,5 տարվա ազատազրկման՝ երեք տարով զրկելով նաեւ բժշկությամբ զբաղվելու իրավունքից: