2 տարի առաջ դաժան ծեծի հետեւանքով մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի հարազատները դատարանում միջնորդել են նոր փորձաքննություն նշանակել:
Երեւանի Ավան եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փորձագետները հակասական ցուցմունքներ են տվել: Նրանցից առաջինը պնդել է նախաքննության ընթացքում կատարված այն փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն Վարդան Թումանյանի մահը վրա է հասել ծեծի հետեւանքով: Երկրորդ փորձագետը, որը հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն իրականացողներից է, դատարանում վստահեցրել է՝ որեւէ պտճառահետեւանքային կապ չկա: Հետաքրքրական է, որ ըստ այդ փորձաքննության եզրակացության՝ Վարդան Թումանյանն անկախ ամեն ինչից այդ օրը մահանալու էր եւ ծեծը դրա հետ որեւէ կապ չունի:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդել է նոր փորձաքննություն նշանակել: Ի դեպ, նրանք վստահ են՝ ազատամարտիկին ծեծելով սպանել են: Նշենք, որ այս գործով երեք ամբաստանյալ կա, նրանցից մեկը հայտնի «Ջունգլ»-ն է՝ Գեւորգ Սարգսյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ 2014թ. հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել նարդի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Սարգիս Ղուկասյանը, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։
Վարդան Թումանյանի մահվան մեջ մեղադրվող երեք երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար եւ չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ, բայց առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ, որը պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:




























