Մենք հոգնել ենք գաճաճ կուսակցություններից, որոնք անընդմեջ իրենց ծառայություններն են առաջարկում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ արտահերթ նիստում «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ կուսակցություն ստեղծելու ազատությունը շատ բնական է, սակայն պետք չէ չափն անցնել ։ «Պետք է լինի ինչ–որ ֆիլտր։ Օրինակ, եթե կուսակցությունը 5 համապետական կամ առնվազն տեղական ընտրությունների անընդմեջ չի մասնակցում։ Ո՞րն է այդ դեպքում նրանց գոյության իմաստը։ Նրանք փոքր վագոնների նման ուզում են կցվել այս կամ այն խոշոր կուսակցությանը»։
Զոհրաբյանը նշեց, որ ցավոք սրտի իշխանությունները շարունակում են չարաշահել իրենց ռեսուրսները, եւ հերթական անգամ նոյեմբերի 26-ին 7 հազար մարդ տոգորվեց Գարեգին Նժդեհի գաղափարներով եւ որոշեց անդամակցել ՀՀԿ–ին։ «Սակայն պետք է հասկանանք, որ նման մեխանիկական հավաքագրումը դեռեւս լոյալություն չի երաշխավորում»,– ասաց Նաիրա Զոհրաբյանը։




























