Ավարտվեց հեքիաթն այն մասին, թե նոր կառավարությունը պրոֆեսիոնալիզմը կուսակցականությունից վեր է դասում։ Այս մասին նոյեմբերի 28-ին ԱԺ–ում ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
Հանրապետական կուսակցության վերջին համագումարում նրա կազմ մտան կառավարության նոր անդամները։ Սա այն դեպքում, երբ «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքում եւ հենց ՀՀԿ կանոնակարգում ասվում է, որ կուսակցությանն անդամակցելը պետք է լինի կամավոր եւ ինդիվիդուալ։ Մնում է ենթադրել, որ վարչապետն ու 5 նախարարները միմյանցից անկախ հանկարծ դարձան են ՀՀԿ գաղափարակիրները։
«Ամենաքաղաքականացված երկրներում բոլոր կուսակցությունների անդամները կազմում են բնակչության 3-4 տոկոսը։ Իսկ դուք միայնակ հավաքել եք 160 հազար։ Դրանք մարդիկ են, որոնք կախված են ձեզնից՝ աշխատավարձով, եկամտով, հասարակության մեջ դիրքով։ Ի՞նչ եք դուք դրանով ապացուցում։ Կարծում եք, որ ինչքան շատ հավաքեք, այնքան շատ ձեզ կսիրե՞ն»,– ասաց Մանուկյանը։




























