ՀՀԿ-ում «զտումներ» միշտ եղել են, կան ու կլինեն, այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
Նրա խոսքով դա բնական գործընթաց է։ «Եվ մոտ ապագայում նույնպես մենք նման երեւույթների ականատես կդառնանք։ Այո, մեր շարքերում եղել են տարբեր անձնավորություններ, որոնք ՀՀԿ-ին անդամակցել են սեփական շահադիտական նկատառումներով, որոնք միանշանակ տեղ չունեն մեր կուսակցության շարքերում»,- շեշտել է Գագիկ Մելիքյանը։
Այն հարցին, թե հատկապես ով է հայտնվել այդ «զտվածների» շարքում, պատգամավորը նշել է, որ նրանք շատ են։ «Դուք կարող եք կազմակերպչական բաժնից վերցնել այն մարդկանց ցուցակները, որոնք հեռացվել են կուսակցությունից։ Գրեթե ամեն շաբաթ այդ ցուցակը համալրվում է։ Ոչ մի արտառոց բան մենք դրանում չենք տեսնում։ Դա բնական գործընթաց է։ Հազարավոր մարդիկ են անդամակցում կուսակցությանը, լինում են նաեւ կուսակցության շարքերը լքողներ»,- հավելել է Գագիկ Մելիքյանը։



























