Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 30-ին, հետաձգվեց 2015թ. դեկտեմբերի 24-ին Երեւանի Շենգավիթ համայնքում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի սպանության գործով առաջին նիստը: Դատական նիստին չէր ներկայացել տուժողի իրավահաջորդն ու իրավահաջորդի շահերի պաշտպանը: Գործով ամբաստանյալ Կարեն Շահինյանը դատարանին տեղեկացրեց, որ չի ցանկանում ունենալ շահերի պաշտպան:
«Ես չեմ ուզում հանրային պաշտպան ունենալ, ես ծանոթ փաստաբան ունեմ, որն այլ գործով է հիմա զբաղված, հենց վերջացնի` իմ շահերի պաշտպանությամբ կզբաղվի»,-ասաց նա:
Ամբաստանյալը նաեւ նշեց, որ ինքն ամուսնացած է եւ ունի երեխաներ` դատարանին ներկայացնելով իր ամուսնության վկայականն ու երեխաների ծննդյան վկայականները:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 17-ին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկինում դատված Կարեն Շահինյանը դեպքի օրը խաղադրույքներ է կատարել եւ պարտվելուց հետո շահադիտական դրդումներով, այն է՝ ընկերության գրասենյակում գտնվող չհրկիզվող պահարանից գումար հափշտակելու նպատակով սպանել է հիշյալ գրասենյակի աշխատակից Արթուր Նազարյանին:
Նազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այն է՝ սպանություն, որը նախատեսում է ազատազրկում՝ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:
Նշենք, որ Կարեն Շահինյանը դեպքից հետո գտնվում էր հետախուզման մեջ, նա հայտնաբերվել է Ռուսաստանում եւ Հայաստան է տեղափոխվել այս տարվա սեպտեմբերին: Նա կալանավորված է։





























