Եթե Հայաստանի ընդդիմությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» նոր օրենքով տրամադրվող իրավասությունները ճիշտ օգտագործի, ակնհայտ է, որ կկարողանա հասնել կառավարության գործունեության վերահսկման: Այս մասին դեկտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» նոր օրենքում ավելի հստակ են որոշված վերահսկման գործառույթները: «Քանի որ կառավարության գործունեությունը կվերահսկի ամբողջ խորհրդարանը՝ ներառյալ ընդդիմությունը: Սա շատ կարեւոր գործառույթ է»,- ընդգծեց Սահակյանը՝ հավելելով, որ նշված օրենքի ընդունումից հետո ակնհայտ է, որ կառավարությունը կաշխատի «մանրադիտակի տակ»:
Հիշեցնենք, որ խորհրդարանը նոյեմբերի 30-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի օրինագիծը, որով պատգամավորների եւ խորհրդարանական խմբակցությունների համար նոր իրավասություններ են առաջարկվում: Այդ թվում՝ խորհրդարանն իրավունք ունի կառավարության առաջարկած օրինագծերն իր խմբագրմամբ ընդունել: Դրանից զատ, խորհրդարանն իրավունք ունի կառավարությունից տվյալներ պահանջել նրա գործունեության այս կամ այն հարցի վերաբերյալ: Ընդլայնվում են խորհրդարանական ընդդիմության լիազորությունները: Մասնավորապես այն կարող է արտահերթ քննարկման ներկայացնել իրեն հետաքրքրող հարցերը, նաեւ ստանում է փոխխոսնակի պաշտոններից մեկը: