Երեւանի քաղաքապետարանի մեկ աշխատակցի անազնիվ քայլը ստվերում է բոլորի աշխատանքը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից կաշառք ստանալու կասկածանքով Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ի ձերբակալմանը:
Խորհրդակցությանը մասնակցել են աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության, ինչպես նաեւ հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները:
«Բոլորիդ առջեւ պահանջ էր դրվել հետեւողական ու կոշտ պայքար տանել ապօրինի շինարարությունները հայտնաբերելու, կասեցնելու եւ նման շինությունները քանդելու ուղղությամբ, իսկ քաղաքացիների հետ շփումներում էլ լինել ազնիվ. մեկ աշխատակցի անազնիվ քայլը ստվերում է բոլորիդ աշխատանքը: Եվ բոլորդ զգուշացված էիք, որ սահմանված սկզբունքից ցանկացած շեղում իմ կողմից գնահատվելու է որպես աշխատանքային պարտականությունների կոպիտ խախտում, ինչն անպայման ունենալու է համապատասխան հետեւանքներ:
Վարչության պետն ու ծառայության պետն էլ պետք է խստորեն վերահսկեին սահմանված սկզբունքների պատշաճ կատարումը, սակայն անկախ կատարված աշխատանքների ծավալից, արդյունքը գնահատում եմ ոչ բավարար: Այս տարվա ընթացքում 15 աշխատակիցներ արդեն հեռացվել են աշխատանքից, քանի որ չարաշահել էին մեր եւ մեր համաքաղաքացիների վստահությունը:
Բայց միայն աշխատանքից ազատումը խնդրի լուծում չէ: Մշակեք վերահսկողության կանխարգելիչ այնպիսի մեխանիզմներ, որոնք առավելագույնս կբացառեն կոռուպցիոն բոլոր ռիսկերը: Կարճ ժամանակահատվածում ակնկալում եմ այնպիսի արդյունքներ, որոնք արմատապես կլուծեն ոլորտում առկա խնդիրները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հիշեցնենք, երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Ա.Ա.-ն բնակելի տան, առեւտրի սրահի եւ հասարակական սպասարկման օբյեկտի շինարարության ավարտական ակտեր տրամադրելու համար անձամբ կամ միջնորդների միջոցով քաղաքացիներից պահանջել եւ ստացել է խոշոր չափերով գումարներ:




























