Քոլեջում կամ համալսարանում ուսանելը կապված է ավելորդ քաշի հետ։ Միջինում ԱՄՆ ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր շրջանավարտ 4.5 կգ քաշ է հավաքում, հայտնում է Journal of Nutrition Education and Behavior–ը։

«Առաջինկուրսեցու 7 կիլոգրամների մասին առասպելն արդեն մի քանի անգամ հերքվել է։ Մյուս կողմից մեր հետազոտությունը վկայում է, որ ուսանողների համար ուսումնական 4 կամ 5 տարում միշտ էլ գոյություն ունի ավելորդ քաշ հավաքելու վտանգ»,– ասում է Վերմոնտի համալսարանի մասնագետ Լիզզի Փոուփը։

Փոուփը եւ նրա գործընկերները համալսարանի ուսանողների շրջանում փորձի արդյունքում եկել են այն եզրակացության, որ մասնակիցների 23 տոկոսը համալսարան ընդունվելու պահին տառապում էր ճարպակալումից։ Իսկ նրանց միջին քաշը 66 կգ է եղել։

Ուսանելու ընթացքում, մասնակիցների միջին քաշը հասել է 77 կգ–ի։ Իսկ ճարպակալումից տառապող ուսանողների թիվը հասել է 41 տոկոսի։ Ավելորդ քաշի մոտ 1/3-ը ուսանողները հավաքում են առաջին կուրսում, իսկ մնացած 66 տոկոսը՝ հաջորդ 3 կամ 4 տարիներին։

Հիմնական պատճառը, ըստ գիտնականների, ուսանողների անառողջ ապրելակերպն է։ Ուսանողներն հիմնականում ուշադրություն չեն դարձնում սննդակարգին եւ հաճախ են ֆասթ ֆուդ օգտագործում։ Բացի այդ, նրանք հազվադեպ են սպորտով զբաղվում։