Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի դահլիճում տեղի է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած` Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված դպրոցական շարադրությունների մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին մրցութային հանձնաժողովի նախագահը եւ մի քանի անդամներ, հատուկ մրցանակներ սահմանած կառույցների ներկայացուցիչներ, Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մրցույթի գործընկեր TSD Inc. ընկերության ներկայացուցիչը:
Ողջույնի խոսքով հանդես եկան ԼՂՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Յուրի Հայրապետյանը, ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը:
Առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Ստեփանակերտի համար 8 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Հելեն Ասրյանը: Երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Ասկերանի շրջանի Սզնեք գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Գայանե Մարտիրոսյանը, իսկ երրորդ մրցանակային տեղը` Ստեփանակերտի համար 1 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Անի Գեւորգյանը: Առաջին մրցանակային տեղը զբաղեցրած մասնակիցը պարգեւատրվել է ArmTab պլանշետով եւ ArmPhone բջջայինով, երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրած մասնակիցը՝ ArmTab պլանշետով, իսկ երրորդ տեղը զբաղեցրածը՝ ArmPhone բջջայինով:
Բացի այդ, մրցույթի եզրափակիչ փուլ անցած, սակայն մրցանակային տեղեր չզբաղեցրած ինը մասնակիցները արժանացել են հատուկ մրցանակների, որոնք սահմանել են հայկական երկու պետությունների խորհրդարանները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ԼՂՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, եւ ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիան: Մրցույթի գործընկեր TSD Inc. ընկերությունն ArmPhone բջջայինով պարգեւատրել է եզրափակչի եւս մեկ մասնակցի` Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Մարատ Հայրապետյանին:
Իր խոսքում Արցախի մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին, հատուկ մրցանակներ սահմանած կառույցներին, մրցույթի գործընկեր TSD Inc. ընկերությանը, ինչպես նաեւ մրցույթի բոլոր մասնակիցներին: Ռուբեն Մելիքյանն ընդգծել է, որ շարադրությունների մրցույթը հասել է իր նպատակին, քանի որ մեր դպրոցականներին առիթ է տվել մտածելու մարդու իրավունքների դերի, դրանց կարեւորության մասին: Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել մրցույթը դարձնել ամենամյա, իսկ եզրափակչի մասնակիցների համար կազմակերպել ուսումնական այց Հայաստանի Հանրապետություն` ուղղված մարդու իրավունքների ոլորտում գործառնող կառույցների հետ շփումների հաստատմանը, ինչպես նաեւ իրավունքի ոլորտում գիտելիքների ընդլայնմանը:
Հիշեցնենք, որ մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված դպրոցական շարադրությունների մրցույթը հայտարարվել էր սեպտեմբերի 1-ին: Ձեւավորվել էր մրցութային հանձնաժողով` Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի 18 հանրային գործիչների ներգրավմամբ: Մրցութային հանձնաժողովի նախագահն էր Արցախի մարդու իրավունքների առաջին պաշտպան Յուրի Հայրապետյանը:





























