«Վարդա» անունը ստացած 120 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներով հզոր ցիկլոնը վրա է հասել Հնդկաստանի արեւելյան ափերին, հայտնում է ANI գործակալությունը։

Հզոր ցիկլոնը, որի անունը թարգմանաբար նշանակում է Կարմիր վարդ, մոլեգնել է Փուլիքաթ քաղաքի շրջանում։ Այս պահին քամու արագությունը Չեննաիում կազմում է 70-80 կմ/ժ։ Տարերքի հիմնական հարվածն ընդունել է Թամիլանդի հյուսիսն ու Անդհրա Փրադեշի հարավը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Թամիլանդում եւ Անդհրա Փրադեշում տարհանվել է 17 հազար մարդ։