Պետք է հնարավորություն տրվի մինչեւ 27 տարեկանը բանակում չծառայած երիտասարդներին վճարել պետության նկատմամբ չմարված պարտականության դիմաց եւ դրանով  ստեղծել միջոցներ, կուղղվեն նույն զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ դիմելով  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:

«Ես անձամբ ճանաչում եմ ԱՊՀ մի շարք երկրներում բնակվող երիտասարդների, որոնք ոչ թե խուսափել են զինվորական ծառայությունից, այլ Հայաստանում սոցիալական պատճառներով ապրելու անհնարինությունից դրդված դուրս են եկել երկրից, ցանկանում են վերադառնալ Հայաստան: Նրանց տարիքը լրացել է, ինչ-ինչ պատճառներից ելնելով, միգուցե հայրենասիրությունից, միգուցե գործնական հարցերով ցանկանում են վերադառնալ Հայաստան»,-ասաց նա:

Վիգեն Սարգսյանը պատասխանելով Տիգրան Ուրիխանյանի հարցին, նշեց. «Մարդիկ տարբեր պատճառներով մինչեւ 27 տարեկանը չեն ծառայում զինված ուժերում, այնուհետեւ չգիտես ինչու նրանց համար շատ կարեւոր է դառնում Հայաստան վերադառնալը: Բաց եմ այդ քննարկման համար՝ համադրելու հնարավոր շահերը եւ տարբեր մոտեցումները»: