Ցանկացած ծրագրավորողի, ճարտարագետի կամ, ուղղակի մասնագետի համար, Google-ում աշխատելը կարիերայի գագաթնակետ է համարվում, սակայն կան մարդիկ, ովքեր այնքան էլ հիացած չեն տեխնոլոգիական կորպորացիայում աշխատելու մտքից: NEWS.am-ը ներկայացնում է Business Insider-ի կողմից հավաքագրած Google-ի նախկին եւ ներկայիս աշխատակիցների բողոքները:

Հաճախորդների հետ աշխատանքի նախկին ավագ մենեջեր Ջո Կանելլան պնդում է, որ Google-ը կլանում է մարդուն ամբողջությամբ: «Պահ է գալիս, երբ հասկանում ես, որ ողջ կյանքդ անցնում է Google-ի սնունդով սնվելու, Google –ի աշխատակիցների հետ շփվելու, Google-ի անցուդարձից խոսելու, Google-ի նամակները Google-ի հեռախոսներով ուղարկելու վրա: Այնպիսի տպավորություն է, որ Google-ից դուրս կյանքը մեռած է»:

Ընկերության նախկին ծրագրավորող Վլադ Պատրիշեվը պատմում է, որ ընկերությունում հնարավոր չէ իսկական քննարկումներ ունենալ աշխատակիցների հետ: Օբյեկտիվ քննարկումներն այստեղ պոպուլյար չեն, եւ ոչ մեկին չի հետաքրքրում քո կարծիքը:

Google-ի նախկին ծրագրավորող Քեթի Լեվինսոնն էլ պնդում է, որ չի հասկանում, թե ինչու են բոլորն ընկերության աշխատակիցներից վարդագույն պատմություններ սպասում: «Այնպիսի տպավորություն է, որ եթե դու որեւէ բացասական կարծիք արտահայտես ընկերության մասին, քեզ կքննադատեն բոլորը՝ հարազատ մորից սկսած մինչեւ տաքսու վարորդը»:

Կորպոռացիայի աշխատակիցն էլ, որը ցանկացել է անանուն մնալ, դժգոհել է այն բանից, որ ընկերության մեծության պատճառով, Մարդկային ռեսուրսների կառավարման մենեջերը կարող է սխալ թույլ տալ՝ աշխատակից ընդունելիս: «Ես Google դիմել էի մենեջերական հաստիքի համար: Ինձ հետ զուգահեռ նույն անունով մեկն էլ էր աշխատանքի ընդունվել: ՄՌԿ մենեջերն շիլաշփոթ էր սարքել, որի արդյունքում ես իմ անվանակցի պաշտոնն էի ստացել, նա՝ իմը »:

Կորպորացիայի նախկին ծրագրավորող Ադրիան Քարբալլոն պատմում է, որ դժգոհ է իր կյանքից եւ պատրաստվում է լքել Google-ը: «Bay Area-ում կյանքը սարսափելի թանկ է: Ճիշտ է այստեղ ընկերությունը վճարում է սննդի, տարբեր ծառայությունների, զվարճանքի վայրերի համար, բայց պահ է գալիս, որ անազատության մեջ ես քեզ զգում, հոգնում ես անընդհատ նույն մարդկանց հետ շփվելուց եւ միապաղաղությունից: Google-ից դուրս կյանքը հնարավոր է՝ թանկ է, բայց իմ կարծիքով՝ արժե այդ ազատության համար վճարել»:

Անանուն մնալ ցանկացող տեխնիկական ծրագրերի մենեջերն էլ իր հերթին է բողոքել լավ մենեջերների պակասից: Նրա կարծիքով՝ Google-ում շատ են ինտելեկտուալ մարդիկ, սակայն նրանք հաճախ վատ մենեջեր եւ ղեկավար են: Նրա կարծիքով այդպիսինները շատ են կորպորացիայում:

Google-ի մեկ այլ նախկին ծրագրավորող Ջոն Լ. Միլլերի կարծիքով՝ կորպորացիայում աշխատելու վատագույն փորձն այն էր, որ 25 տարվա ծրագրավորման փորձ ունեցող մասնագետն ու 2 տարվա ծրագրավորողը նույն խնդիրներն էին լուծում: Նրա կարծիքով դա դեպրեսիայի պատճառ էր իր համար:

Google Chrome-ի ստեղծող  Ջեֆֆ Նելսոնն ասում է, որ Google-ի մասին տպավորությունների մեծ մասը իրականությանը չեն համապատասխանում: Այս անիրական պատմությունները հաճախ տարածվում են հենց Google-ի աշխատակիցների կողմից՝ ընկերության իմիջի ստեղծման համար:

Բողոքների ցուցակն եզրափակում է արդեն freelance ծրագրավորող Դիմիտար Բոջանչեյը, որը բողոքում է ընկերության համար տանից աշխատելու անհնարինությունից: