Ձնաբքի պատճառով փակ է Երեւան-Գյումրի ճանապարհը. այս պահին Մաստարա գյուղի հատվածում շուրջ 6 տասնյակ մեքենաներ մեկ ժամից ավելի մնացել են արգելափակման մեջ:

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ տասնյակ վարորդներ ու ուղեւորներ հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ անգամ Արագածոտնի մարզի ճանապարհաշինական ընկերությունը չի աշխատում:

Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 14:30-ի դրությամբ, առատ ձյան եւ բքի պատճառով դժվարանցանելի են  Ապարանի, Արագածի, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի, Սեւանի, Ախուրյանի ավտոճանապարհները, Քեթիի եւ Ջաջուռի լեռնանցքները:

Թալինի, Մարալիկի, Արթիկի,  Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի,  Սպիտակի, Գուգարքի, Ստեփանավանի,  Տաշիրի,  Թումանյանի, Դիլիջանի, Իջեւանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գավառի, Արմավիրի, Կոտայքի, Հրազդանի, Սեւանի, Ճամբարակի, Բաղրամյանի,  Արմավիրի, Եղվարդի, Վայքի,  Ջերմուկի  ճանապարհներին  ձյուն է տեղում:

Առատ ձյան, բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով  փակ է Վարդենյաց լեռնանցքը: