«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի շեշտադրումը կլինի ինժեներական ոլորտի զարգացման վրա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՁԻՀ–ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«ՏՏ ոլորտում իրականացված համաֆինանսավորման նմանատիպ ծրագրերի շնորհիվ արդեն իսկ ականատեսն եք եղել, որ Հայաստանում հնարավոր է ստեղծել հաջողակ, սեփական պրոդուկտները մշակող կազմակերպություններ, որոնք ներկայումս փայլում են աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա: Այս ծրագրի առանձնահատկությունը՝ ֆինանսների ուղղումն է դեպի ճարտարագիտության ոլորտ, որն այժմ առանձնահատուկ ուշադրության տակ է՝ ՏՏ ոլորտում գրանցված հաջողությունները վկայակոչելով»,- ասել է ՁԻՀ–ի տնօրենը:

Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու մարզերում գտնվող ընկերությունների ֆինանսավորմանը՝ հնարավորություն տալով նրանց հատուկ պայմաններով օգտվել համաֆինանսավորման ծրագրից:

Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման ընթացքն ու գիտական հետազոտությունների արդյունքների առեւտրայնացումը, ինչպես նաեւ խրախուսել համագործակցություն գիտության եւ մասնավոր հատվածի, հատկապես հայաստանյան ՓՄՁ-ների միջեւ:

«Ծրագիրը կիրականցվի շատ հետաքրքիր մոդելով.  չորս մրցույթներ իրար կհաջորդեն, ինչը երկուսուկես տարվա ընթացքում ակտիվ կպահի Հայաստանի ողջ տեխնոլոգիական ոլորտը: Առաջին՝ համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթը հենց այսօր է մեկնարկում: Մյուս՝ գիտատեխնիկական ոլոտրում ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված դրամաշնորհների մրցույթը կմեկնարկի գարնանը: Ակնկալում ենք, որ երկուսուկես տարվա ընթացքում կֆինանսավորվեն երեսուն ծրագրեր»,- ասել է ՁԻՀ–ի տնօրենը:

Ծրագրվում է, որ մրցույթը դրամաշնորհառուներին կաջակցի՝ իրականացնելով նախնական ֆինանսավորման հատկացում՝ համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված սկսնակ ընկերություններին, մենթորություն, կապերի հաստատման հնարավորություններ, օգտագործողների պահանջների վրա հիմնված նորարարությունների առեւտրայնացման ռազմավարությունների մասնագիտական վերլուծություններ եւ գործարարության զարգացում եւ կապեր՝ պոտենցիալ ներդրողների հետ: 

Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան ընկերությունները, որոնք ունեն տեխնոլոգիական ուղղվածություն եւ համապատասխան փորձ, օրինակ` ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների ոլորտում, առնվազն մեկ տարի գրանցված են Հայաստանի Հանրապետությունում եւ ի վիճակի են ապահովել անհրաժեշտ համաֆինանսավորումը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 5-ն է: Մրցույթին վերաբերող ողջ տեղեկատվությունը կարելի է գտնել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կայքում. www.eif.am: